Ծաղկաձորում հոկտեմբերի 24-26-ը ընթացավ ՀՀԿ Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության եռօրյա հավաքը, որին մասնակցում էր 18-30 տարեկան շուրջ 50 երիտասարդ:
Եռօրյա հավաքի ընթացքում կազմակերպվեցին մարզական, մշակութային, ինտելեկտուալ և ժամանցային բազմաթիվ միջոցառումներ և առաջնություններ: Հոկտեմբերի 25-ին հավաքի մասնակիցները հանդիպեցին ՀՀԿ ԵԿ գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Վահե Մովսիսյանի և փոխնախագահ Գարեգին Պետրոսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ: Երիտասարդների կողմից բարձրացվեցին թեմային առնչվող մի շարք հարցեր հայ-թուրքական արձանագրությունների և Ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ:
Երիտասարդ հանրապետականները հանդիպում ունեցան նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մարզային խորհրդի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի հետ: Քննարկվեցին մարզային երիտասարդական կազմակերպություններին հետաքրքրող մի շարք հարցեր:
Հանդիպումը եզրափակվեց ուխտագնացությամբ դեպի Կեչառիս վանական համալիր, որտեղ էլ երիտասարդները ներկա գտնվեցին կիրակնօրյա պատարագին:
Հիշեցնենք, որ պարբերաբար անցկացվող նման հավաքների ընթացքում Հանրապետական կուսակցության ԵԿ հին և նոր անդամները փոխանակվում են փորձով, քննարկում երիտասարդության առջև ծառացած հիմնախնդիրներն ու փորձում միասնաբար դրանց լուծման ելքեր գտնել: